Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի մասին
Դելիմիտացիան ու դեմարկացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, հնարավոր են տարբեր իրավիճակներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։
«Կրկնում եմ՝ դեմարկացիան ու դելիմիտացիան շատ երկար գործընթացներ են: Ընդ որում, առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, վերջին կետով ֆիքսում են կողմերը, որ գործընթացը պետք է տեղի ունենա դիվանագիտական-քաղաքական ճանապարհով»,- ասաց Ռուբինյանը:
Ճշտող հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ ու լինի նաև հակառակը, պատգամավորն ասաց, որ Խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն անկլավ է ունեցել Ադրբեջանում և հակառակը. «Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս կամ այն լուծումը:
Բայց պետք չէ ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, հանձնաժողովը ստեղծվի, նշանակում է, որ տեղի է ունենում դեմարկացիա ու դելիմիտացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում ու վերջ: Օրինակ Հայաստանն ու Վրաստանն իրենց սահմանը տարբեր սահմաններում չեն դեմարկացրել»: