շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացը բավականին քաղաքականացված ու բավականին գրգռված է․ Կարեն Կարապետյան

Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացը բավականին քաղաքականացված ու բավականին գրգռված է․ Կարեն Կարապետյան

Ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որ բաց տեղեր չլինեն, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է անձնական երաշխավորությամբ միջնորդություն ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, Կարապետյանը պատասխանեց․

«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության և կայացման գործընթացում։ Համարյա երկու տարի է՝ այս դատական գործընթացը տևում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել։ Այդ պատճառով միջնորդություն եմ ներկայացրել, որ խափանման միջնորդությունը փոխվի»։

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվողը քաղաքական հետապնդու՞մ է, Կարապետյանը ըստ էության դրական պատասխան տվեց, նշելով․ «Ինձ թվում է, այս պրոցեսը բավականին քաղաքականացված ու բավականին գրգռված է»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություններ չունի՞ որ հանրությունը թշնամաբար կվերաբերվի նրա այդ քայլին, Կարապետյանն ի պատասխան ասաց, որ ինքը և յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտել սեփական կարծիքը։ Ըստ Կարապետյանի, ի վերջո, նույն դատական գործընթացը հնարավոր է անել առանց կալանքի։

  • Կիսվել: