հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռոբերտ Նազարյանը թեպետ ազատության մեջ է, բայց նրա փաստաբանը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել

Ռոբերտ Նազարյանը թեպետ ազատության մեջ է, բայց նրա փաստաբանը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Նազարյանին կալանքից ազատ արձակելու մասին։ Փաստաբան Գագիկ Խաչիկյանը InfoPort.am-ի հետ զրույցում բացատրեց, որ դատարանը որոշել է կալանքից ազատ արձակել Նազարյանին՝ հիմնավորելով, որ նա չի խուսափի քննությունից։

«Որոշման արդյունքի հետ իհարկե, համաձայն ենք, բայց բովանակությունը մեզ չի գոհացնում և պատրաստվում ենք վերաքննիչ բողոք ներկայացնել։ Մենք ասում ենք, որ կալանավորելու համար հիմնավոր կասկած չկա, սակայն դատարանի որոշման մեջ այդ հանգամանքը փաստարկված չէ։ Դատարանը չի կալանավորել՝ պատճառաբանելով, որ պարոն Նազարյանը չի խուսափի և չի թաքնվի քննությունից։ Բայց մենք ասում ենք, որ ոչ միայն թաքնվելու փաստարկը հիմնավոր չի, այլ նաև հիմնավոր կասկածն է բացակայում», -ներկայացրեց փաստաբանը։

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող այս քրեական գործով մեղադրյալներ են ներգրավել նաև Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովի նախկին անդամներ ու նրա տեղակալը։ Մեր հարցին, արդյոք եղե՞լ են առերես հարցազննություններ, փաստաբանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելվ, որ գործի շրջանակներում Ռոբերտ Նազարյանը մասնակցել է հարցաքննությունների երկու անգամ և տվել ցուցմունքներ։

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սույն քրեական գործի շրջանակներում  ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով  նախօրեին ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՀՔԾ-ի քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: Այս գործը, հիշեցնենք, կապ ուներ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։

  • Կիսվել: