հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ քաղաքացին կալանավորվել է խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՌԴ քաղաքացին կալանավորվել է խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի  ապօրինի ձեռք բերելով և պահելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով «а-PVP» տեսակի թմրամիջոց, 2020թ. հունվարի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով,  ՌԴ Մոսկվա քաղաք տեղափոխելու նպատակով, այն մաքսանենգությամբ առերևույթ անցկացրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը: Սակայն սահմանային գոտին անցնելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման ծառայության աշխատակիցների կողմից նրա ձեռքի ուղեբեռը ստուգման ենթարկելու արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշու զանգված, ինչը նշված ծառայության հերթափոխի պետը ներկայացրել է  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: 

 

ՌԴ քաղաքացին ձերբակալվել է, և նույն օրը Երևան քաղաքի ՁՊՎ-ում կատարված նրա անձնական խուզարկությամբ վերջինիս հագին եղած վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է փոշենման զանգվածով մեկ պոլիէթիլենային փաթեթ: Քրեական գործով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով զանգվածները հանդիսանում են «а-PVP» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ի կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: