կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ն ընտրում է ՀՀ-ի հետ երկխոսությունը. Զախարովան անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին

ՌԴ-ն ընտրում է ՀՀ-ի հետ երկխոսությունը. Զախարովան անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։

Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս ԶԼՄ–ի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել։

՛՛Այնտեղ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Նախ` կուզեի, որ Ձեր նշած բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը-խմբ.), այնուամենայնիվ, կողմնորոշվեր` կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը՛՛, - ասել Է Զախարովան։

Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Զախարովան ասել է, որ այդ հարցն առարկայորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից:

Բացի այդ՝ Զախարովան նշել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի` սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ մեկնաբանությանը և ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո, որոնք նշանակվել են, և որոնց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է դրվել նման հարցերի քննարկումը երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, և կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, և հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաև մյուս գործընկերները: Բացի այդ, Գրիգորյանը բարձրացրել էր Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:

  • Կիսվել: