ՌԴ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության կողմից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման տրամադրվածությունը
Մինսկում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման տրամադրվածությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է. ՛՛Մոսկվան հաստատել է այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը, ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՛՛:
Ասված է նաև, որ, հաշվի առնելով, որ մոտենում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունման մեկ տարին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին, ամփոփվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև արձանագրվել է, որ նշված հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ իրականացվում է։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները դեռ չլուծված հարցերի շուրջ:
Լավրովի և Միրզոյանի առանձին հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և արտաքին քաղաքական զարգացման վերաբերյալ հարցեր։