ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ն արդեն իր խաղաղապահ և ռազմական ներուժի զգալի մասը ՀՀ-ից և Արցախից տեղափոխել է ուկրաինական ճակատներ. փորձագետ

ՌԴ-ն արդեն իր խաղաղապահ և ռազմական ներուժի զգալի մասը ՀՀ-ից և Արցախից տեղափոխել է ուկրաինական ճակատներ. փորձագետ

Այն, որ ուկրաինական ֆրոնտում Ռուսաստանը անհաղթահարելի դժվարություններ ունի արձանանգրեց նաև ՌԴ բարձրագույն ղեկավարությունը` մասնակի զորհավաք հայտարարելով: Նման կարծիք InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փորձագետ  Հրանտ Միքաելյանը:

Ըստ քաղաքագետի` ՌԴ-ն շատ երկար ժամանակ չէր ցանկանում նույնիսկ ինքն իրեն խոստովանել, որ ուկրաինական ֆրոնտում լրջագույն խնդիրներ ունի: «Հիմա, իրենք այլեւս հայտնվել են գուցե ժամանակավոր, բայց փակուղում եւ դա թաքցնել այլեւս չեն կարողանում, այդ իսկ պատճառով մասնակի զորհավաքի միջոցով փաստացի խոստովանում են առկա լրջագույն խնդիրների մասին» ,-ընդգծեց Միքայելյանը:

Միևնույն ժամանակ փորձագետը դժվարանում է կանխատեսել առկա իրավիճակի զարգացումները: «Համենայնդեպս այս պահին տեսնում ենք, որ լավ արդյունքների հավանականությունը այդքան էլ բարձր չէ` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ եւ Եվրոպական երկրները այս պահին ամբողջությամբ լծվել են ՌԴ-ի դեմ պայքարին` նպատակ ունենալով «խեղճացնել» նրան եւ ֆինանսական եւ ռազմական առումով: Բացի այդ ՌԴ-ում արդեն իսկ կա սպառազինությունների եւ զինտեխնիկայի խնդիր, թեեև ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ընդունում է, որ իրենք եւս ունեն սպառազինությունների պաշարների ճգնաժամ, բայց ինչ խոսք, ՌԴ-ում այդ խնդիրնը ավելի խորքային է: Այսպիսով ՌԴ-ի համար հաղթել ուկրաինական ճակատում շատ դժվար կլինի, որովհետեւ Արեւմուտքը զուգահեռ ճնշումը ավելացնում է»,- նկատում է փորձագետը:

Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակի ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա, մասնավորապես արցախյան հակամարտության գոտում, որը փաստացի գտնվում է ռուս խաղաղապահների հովանու ներքո, Միքայելյանը նշում է. «ՌԴ-ն երբեք բացահայտ չի խոստովանի, որ ներուժ չունի լիարժեք իրականացնելու իր խաղաղապահ առաքելությունը արցախյան հակամարտության գոտում: Նա ավելի շուտ կգերադասի ստեղծել մտայինություն առ այն, որ որոշակի խնդիրներ ծագում են իր թույլտվությամբ»:

Ինչ վերաբերվում ուկրաինական ֆրոնտում իրավիճակի գերլարման ֆոնին Արցախից ռուս խաղաղապահների հեռացման հնարավորությանը, փորձագետը «փոքրիկ գաղտնիք է» բացում` իրականում նրանց մեծ մասը արդեն իսկ տեղափոխվել են ուկրաինական ճակատներ: «Եվ ոչ միայն Արցախից, այլև ՀՀ-ում տեղակայված ռուսական բազայից: Այսինքն քանակապես այս պահին եւ ՀՀ-ում եւ Արցախում ՌԴ-ի ներկայությունը շատ ավելի համեստ է, քան եղել է 1.5-2 տարի առաջ»,- փակագծերը բացում է Միքայելյանը:

Արդյոք այդ ամենից կօգտվի Ադրբեջանը տիրանալու Արցախին ամբողջությամբ, քաղաքագետը նկատում է. «Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից շատ ագրեսիվ է տրամադրված ՀՀ-ի և Արցախի նկատմամբ, մյուս կողմից, շատ զգուշավոր է իր անձնական իշխանությունը պահպանելու հարցում: Նրանք փորձում են ռիսկերը կանխատեսել` եթե ՌԴ-ն ամբողջությամբ թուլանա, միանշանակ կհարձակվեն, այն էլ ժամերի ընթացքում»:

 Թե ինչ պետք է անի ՀՀ-ն ստեղծված իրավիճակում, քաղաքագետը հակիրճ նկատում է. «Նախ պետք է հրաժարվենք ռադիկալ «կամ, կամ...» գործելավոճից` դա շատ վտանգավոր խաղ է: Այո, կարելի ճանաչել, որ ՀԱՊԿ-ը շատ թույլ է, բայց կտրուկ քայլերը այս պահին կարող են պարզապես մեզ կանգնեցնել ահռելի վտանգի առաջ: Մյուս կողմից, որպեսզի չդառնանք մանրադրամ գերտերությունների ձեռքում այսօր պետք է կոմպիլմենտար արտաքին քաղաքականություն վարենք, հասկանալով մեր վերջնական ուղղվածության վեկտորը»:

  • Կիսվել: