հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Արևմուտքի առաքելությունը Հայստանում միայն դիտորդական է․Օհանյան

ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Արևմուտքի առաքելությունը Հայստանում միայն դիտորդական է․Օհանյան

ՌԴ նախագահը ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ տեսակետ ունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների և մանավանդ Արցախի հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Տարածքների հարցը եղել է անվտանգության խնդիր, որպեսզի պաշտպանական հենակետեր ձևավորվեն՝ բանակցային գործընթացում առավելություններ ունենալու համար։ 2018թ-ին փլուզվեց այդ ամբողջ բանակցային ներուժը, որից հետո սկսվեց պատերազմ, ինչի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար է միանգամից ստանալ Արցախյան հարցի լուծումը։

«Հետևաբար մեզ համար ընդունելի է ՌԴ առաջարկությունները, որով առաջարկվում է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, բանակցային գործընթացը շարունակելու ամենանորմալ ձևաչափը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափն է։ Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը, որով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միանգամից մեծ քար է նետվելու Արցախի ճակատագրի վրա և Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկները ապագայում Արցախյան հարցին անդրադառնալու հույսեր է ներշնչում։ 

«Արևմտյան ոչ մի երկիր, բացի դիտորդական առաքելությունից, անվտանգային ոչ մի խնդիր չի լուծելու։ Այսօր մենք ՌԴ-ի հետ գտնվում ենք Եվրասիայի կենտրոնում և անվտանգային ու մյուս խնդիրները պետք է միասին լուծենք։ Տարածաշրջանում Արևմուտքը ունի իր ներկայացուցիչը՝ Թուրքիան, մենք պետք է ընտրենք, թե ո՞ր երկրի հետ համագործակցենք և որտեղ գտնվենք»,-  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: