հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն. «Փաստ»

Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն. «Փաստ»

«Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաև Արցախի նախկին նախագահներին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Սա, իհարկե, աննախադեպ երևույթ է ու միասնաբար ստեղծված վիճակից շահեկանորեն դուրս գալու լավագույն ճանապարհը: Ընդհանրապես, տարբեր կարծիքներ լսելու, ականջալուր լինելու հանգամանքը չափազանց կարևոր է բոլորի, առավել ևս ցանկացած իշխանության համար, այդ մասին բազմիցս խոսել ենք նաև նախապատերազմական շրջանում:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին պարտավոր էինք ձևավորել այնպիսի մթնոլորտ և իրավիճակ, որ ունենայինք միասնական օրակարգով առաջ շարժվելու հստակ հայեցակարգեր։

«Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը, երբ վտանգ է սպառնում յուրաքանչյուրիս անհատապես, հենց այդ ժամանակ էլ մոռանում ենք բոլոր տարաձայնությունները։

Հարց է առաջանում՝ եթե կարողանում ենք նման իրավիճակներում այդպիսի բնավորություն ցուցաբերել, ի՞նչն է խանգարում մշտապես կուռ հասարակություն լինել։ Բայց հիմա էլ ամեն ինչ վերջնականապես կորած չէ։ Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն, ինչի նշաններն արդեն նշմարվում են. եթե բոլոր ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործենք, միասնական տեսակետներով հանդես գանք, այդ դեպքում կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք կլինեն բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի և ընդունելի կլինեն հասարակության բոլոր շերտերի համար։ Այդ դեպքում միանշանակ կունենանք հաջողություններ»,-ասաց Խաչատրյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: