Թրամփը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատներն իրեն իմփիչմենթ կհայտարարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատներն իրեն իմփիչմենթ կհայտարարեն, եթե Հանրապետական կուսակցությունը պարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Օկլահոմայում իր կողմնակիցների առջև ելույթում, որի տեսանյութը տարածել է RSBN լրատվական ընկերությունը։
«Ահա թե ինչ է տեղի ունենում՝ մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում, երբ իմ անունը քվեաթերթիկում է։ Բայց երբ ես քվեաթերթիկում ներառված չեմ լինում, մարդիկ այնքան էլ ակտիվ չեն մասնակցում քվեարկությանը։ Պատկերացրեք, թե ես եմ առաջադրվել։ Խնդրում եմ, պարզապես պատկերացրեք՝ իմ անունը քվեաթերթիկում է, և եթե մենք չհաղթենք, նրանք (խմբ.՝ դեմոկրատները) ինձ իմփիչմենթ կհայտարարեն», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է սկսվել։ Դա տեղի է ունեցել նրա պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2019 և 2021 թվականներին։ Երկու դեպքում էլ Սենատը մերժել է նրա իմփիչմենթը։



