Թեհրանում մեկնարկել է Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի ԱԳ նախարարների հանդիպումը
Այսօր առավոտյան Թեհրանում մեկնարկել է Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի ԱԳ նախարարների 19-րդ հանդիպումը՝ 31 անդամ երկրների նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և 9 միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարների ներկայությամբ, գրում է parstoday.ir-ը:
Նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հիշատակը։
Հանդիպումը նախագահում է ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին, ով հայտարարել է․ «Մենք հպարտ ենք Թեհրանում հյուրընկալելու և նախագահելու Ասիական երկխոսության ֆորումի նախարարական հանդիպումը»:
Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է ասիական երկրների համագործակցության ամրապնդման համար և ներկայացնում է ասիական մոտեցումը բազմակողմանիության, ներառականության և համագործակցության նկատմամբ։
Նիստից առաջ, ութ զարգացող իսլամական երկրների խմբի (D8) գլխավոր քարտուղար Իսյակա Աբդուլ Ղադիր Իմամը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ։