ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում

Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։ Փաշինյանը պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր հասցեին հնչեցրած՝ իր գնահատմամբ, զրպարտություն համարվող հայտարարությունները և վճարի 6 մլն դրամ փոխհատուցում։

Մասնավորապես, Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ։

Հայցով Փաշինյանը պահանջում է, որ Ղազարյանը հայտարարի, թե այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հերքումը, ըստ հայցի, պետք է իրականացվի «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի միջոցով՝ ուղիղ եթերում, վճռով նշված բուն տեքստը տեսաձայնագրմամբ ընթերցելու միջոցով, «Հերքում՝ 27.09.2026թ. հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրով։

Փաշինյանը նաև պահանջում է, որ հերքումը չպարունակի Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն և սահմանափակվի բացառապես հերքման տեքստով։

Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ.-ի հոկտեմբերի 1-ին։ Գործը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին, սակայն, հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

  • Կիսվել: