չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քրեական գործը չկա, բայց անձին 14 ժամ պահել են անազատության մեջ կիսամերկ վիճակում, իսկ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցում․ Փաստաբանը դիմել է վարչապետին

Քրեական գործը չկա, բայց անձին 14 ժամ պահել են անազատության մեջ կիսամերկ վիճակում, իսկ ՀՔԾ-ն քրգործ չի հարուցում․ Փաստաբանը դիմել է վարչապետին

Փաստաբան Գեորգի Մելիքյանը «ոստիկանական բեսպրեդելը» վերացնելու կոչով բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առիթը նրա պաշտպանյալ Գարեգին Ավագյանի հետ կատարվածն է։
 
InfoPort.am-ի հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, որ իր պաշտպանյալին ոստիկանական համակարգում 14 ժամ պահել են անազատության մեջ, զրկել իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, բազմաթիվ ապօրինություններով իրականացրել խուզարկություններ, սակայն այդ մասին դիմում-բողոքի հիման վրա Հատուկ Քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել։
 
«Հուլիսի 7-ին երեկոյան սպանության և ապօրինի զենք պահելու կասկածանքով խուզարկություն կատարելու նպատակով մասկի շոու միջոցառման շրջանակներում մի խումբ դիմակավորված ոստիկանններ մուտք են գործել պաշտպանյալիս՝ Գարեգին Ավագյանի տուն և նրան բերման ենթարկել ոստիկանության Սևանի բաժին։ Դրանից հետո կատարել խուզարկություն վերջինիս պատկանող և տան բակում կայանված ավտոմեքենայում և հայտնաբերել օդաճնշիչ ատրճանակ՝ ձևափոխված հրազենի, որը, սակայն ոստիկանության արձանագրությունում գրվում է որպես «Մակարովին» նմանվող ատրճանակ։ Բայց ընդհանրապես նման չէ «Մակարովի»։ Այսինքն՝ խուզարկողներին ասել էին, որ «Մակարով» եք գտնելու, իսկ հայտնաբերելու չեն էլ նայել, գրել են էն, ինչ իրենց ասվել էր», -ներկայացրեց Մելիքյանը։
 
Փաստաբանի խոսքով, այստեղ տարօրինակն այն է, որ Ավագյանին պատկանող մեքենայում խուզարկությունը կատարվել է նրա բացակայության պայմաններում։ Ավելին մեքենայի բանալիները Ավագյանի կնոջ մոտ են եղել, բայց միևնույն է, նրանք բացել են մեքենան ու խուզարկություն կատարել։ «Ոստիկանները արձանագրության մեջ չեն ֆիքսել՝ մեքենան փակ, թե բաց վիճակում է գտնվել, մեզ անհայտ ձևով մուտք են գործել մեքենան և միայն արձանագրել են զենքի հայտնաբերման փատը, որը չի բացառվում ոստիկանները գցել են մեքենայի մեջ կամ իրենց գործակալների միցոցով մինչև մուտքը՝ գցել», -նշեց փաստաբանը։
 
Մյուս անօրինականությունը, ըստ Մելիքյանի, կատարվում է արդեն ոստիկանական բաժանմունքում, երկար ժամանակ՝ 14 ժամ իր պաշտպանյալը կիսամերկ վիճակում, ձեռնաշղթաներով պահվել է Վարդենիսի ոստիկանական մեկուսարանում։
 
«Դիմել ենք Հատուկ քննչական ծառայություն կատարված ապօրինությունների հետքերով, սակայն մեզ պատասխանել են, որ ընդունում են՝ իրավաբանական աջակցություն չի ստացել, պահել են 14 ժամ, բայց նա արդեն ձերբակալված է եղել։ Բայց մեզ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կարող է ձերբակալված լինել անձը, երբ դեռևս նյութերի նախապատրաստման փուլն է ու քրեական գործ չի հարուցվել։ Նրան չէին կարող ձերբակալել, քանի որ քրեական գործ դեռ պետք է հարուցվեր», - հավելեց փաստաբանը։
 
Նա տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ պատրաստվում է բողոք ներկայացնել Գլխավոր դատախազին։
 
«Պարոն վարչապետ, տեղեկացնում եմ որ դուք չեք տիրապետում ՀՀ ոստիկանությունում և Հատուկ քննչական ծառայությունում տիրող իրավիճակին, որտեղ այլևս Սահմանադրությունը օրենքի ուժ չունի։ Գալու է ձեր ստեղծած իրողության հետ առերեսվելու ժամանակը», -դիմելով վարչապետին իր բաց նամակում ընդգծել է փաստաբանը։

  • Կիսվել: