երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՊ-ում ներթիմային պայքար չկա․ ամեն ինչ հանգիստ է․ Արմեն Փամբուխչյան

ՔՊ-ում ներթիմային պայքար չկա․ ամեն ինչ հանգիստ է․ Արմեն Փամբուխչյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ներթիմային պայքար չկա։ Ամեն ինչ հանգիստ է։ Այս մասինլրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նա խորհուրդ տվեց կուսակցության հանգստության մասին դատել՝ հաշվի առնելով իր հանգստությունը։

Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե կուսակցության ներսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ արշավ կա, որովհետև խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գործում է համեաշխության մթնոլորտում։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում հարուցված աղմկահարույց քրեական գործերին, որոնցից մեկով կալանավորվել է նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, ապա դրանք «լրիվ այլ հարթության մեջ են և ոչ քաղաքական իրավիճակներ են»։

Անդրադառնալով Երևանի ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշմանը՝ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ իրենց լիազորությունները չեն գերազանցել։ Օրենքը տալիս է բացակայությունների համար մանդատից զրկելու հնարավորություն, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ օգտվում է օրենքի ընձեռած հնարավորությունից։ Հայկ Մարությանից նրանք որևէ վտանգ չեն տեսնում։ Բոլորին մոտեցել են հավասարապես։ «Այս փուլում ընտրել ենք առավելագույն բացակայություն ունեցող պատգամավորներին, բայց դա չի նշանակում, որ եթե ավագանու մյուս անդամները շարունակեն բացակայել, ապա նրանց նկատմամբ նույնպես նման որոշում չենք ընդունելու»,- հայտարարեց Արմեն Փամբուխչյանը։

  • Կիսվել: