երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՊ-ն մտադիր է բարձրացնել կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորումը

ՔՊ-ն մտադիր է բարձրացնել կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորումը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն մտադիր է բարձրացնել կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորումը, հարցը քննարկել են նաև վարչության՝ երեքշաբթի օրվա նիստում:

Ըստ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի՝ այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ հաղթահարել են անցողիկ շեմը, պետության կողմից ֆինանսական աջակցություն են ստանում:

Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պետական բյուջեի միջոցները անցողիկ շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությանը բաշխվում են հետեւյալ բանաձեւով՝
1. 2-ից մինչեւ 5 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց.
2. 5-ից մինչեւ 20 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով:
3. 20 եւ ավելի տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչեւ 5 տոկոսի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, 5-ից մինչեւ 20 տոկոսի սահմաններում՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով, իսկ 20 տոկոսը գերազանցող սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի մեկ քառորդի չափով:

ՔՊ-ականները վարչության նիստում քննարկել են կուսակցություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը բարձրացնելու հարցը:
Թեև դեռ հարցը քննարկման փուլում է, բայց չի բացառվում, որ այն նաև օրենքի նախագծի տեսք ստանա:

  • Կիսվել: