կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ-ն Հասմիկ Հակոբյանին և Նունե Հախվերդյանին առաջադրեց ՀՌՀ անդամի թեկնածուներ՝ թափուր տեղերի համար

ՔՊ-ն Հասմիկ Հակոբյանին և Նունե Հախվերդյանին առաջադրեց ՀՌՀ անդամի թեկնածուներ՝ թափուր տեղերի համար

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար ՀՀ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Խաչիկի Հակոբյանի և Նունե Նորիկի Հախվերդյանի թեկնածությունների և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՀՌՀ հանձնաժողովում այս պահին կա 3 թափուր տեղ, սահմանված ժամկետում թեկնածություններ առաջադրել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ Հասմիկ Հակոբյանը գրականագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տարբեր ամսագրերում ու թերթերում հրատարակել է 50-ից ավելի գիտական ու գրախոսական հոդվածներ, 2001-2023 թվականներին խմբագրել և հրատարակության է պատրաստել մոտ 2 տասնյակ գրական ստեղծագործություններ:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Եթե ինձ վստահվի այս պաշտոնում աշխատելու հնարավորությունը, ես կպարտավորվեմ ընթերցող, վերլուծող և քննադատող հաղորդումներ ավելացնել հեռուստաընկերություններում: Կարևոր է, որ եթերում հնչի բազմաբովանդակ խոսք, չխախտվի խոսքի ազատությունը, այն լինի կարծրատիպերից ու բռնությունից զերծ»,- ասել է թեկնածուն:

ՀՀ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, աշխատել է կայքերում և ամսագրերում՝ որպես լրագրող և մեդիավերլուծաբան, 1990-1997 թվականներին աշխատել է ՀՀ պետական հեռուստառադիոյի ընկերությունում: Անդամակցում ու համագործակցում է մի շարք տեղական և միջազգային ֆեդերացիաների, ասոցիացիաների, փառատոնների և հիմնադրամների հետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Շնորհակալություն հայտնելով  խմբակցությանն իր թեկնածությունը ներկայացնելու համար՝ Նունե Հախվերդյանը բարձր է գնահատել ՀՌՀ դերը՝ որպես վերլուծող և կարգավորող մարմին:

«ՀՌՀ գործոնը չափազանց կարևորում եմ. այլ ավելի կոմպետենտ կառույց մեր երկրում, կարծում եմ՝ չկա»,- ասել է թեկնածուն:

Պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնք վերաբերել են սուտ լուրերին, մեդիայի կարգավորման օրենքներին, լուրերի հանրօգուտ բովանդակությանը, ոլորտում պատժամիջոցների կիրառմանը և այլ թեմաների:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված՝ Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածություններին:

  • Կիսվել: