երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին. հայտարարություն

ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին. հայտարարություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարածել է ՔՊ խմբակցության հայտարարությունը` ընդդիմադիր խմբակցությունների` ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու մասին:

Հայտարարությունը՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։

Ավելի քան մեկ ամիս՝ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի Արցախի փրկության հռչակագրային կարգախոսներով՝ մինչ այս պահը չառաջարկելով Արցախի հարցի լուծման որևէ տրամաբանական ճանապարհ: Երբեմնի իշխանություն հանդիսացող խորհրդարանական ուժերը նաև պատշաճ բացատրություններ չեն տվել իշխանության եղած տարիներին ԼՂ հարցի բանակցային գործընթացը որպես իշխանության երկարաձգման միջոց օգտագործելու, Արցախի շահերը դավաճանելու, հարցը փակուղի մտցնելու իրենց ապացուցված գործելակերպի վերաբերյալ:

Այժմ առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով: Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։

Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները։

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին։

Միաժամանակ, հայտարարում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել Խաղաղության օրակարգը առաջ մղելու համար:

Հայաստանում ժողովրդի իշխանությունը անսասան է, ժողովրդավարությունը՝ անշրջելի։ Կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմության նախաձեռնությամբ հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի:

  • Կիսվել: