ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորն ընդդիմադիրներին կոչ արեց չհիշատակել դատավորների անունները

ՔՊ-ական պատգամավորն ընդդիմադիրներին կոչ արեց չհիշատակել դատավորների անունները

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե այս նախագիծն այն մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, քրեական հետապնդումներ ցանկացած մի անձի նկատմամբ, ով անմեղ է, որովհետև ցանկացած անձ անմեղ է, մինչև չկա հակառակի մասին վկայող դատավճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ:

«Ենթադրենք, դատավորները որոշելու են, որ այդ մարդը նիստերի ընթացքում չի կարող ելույթ ունենալ, չի կարող քրեական գործի նյութերին ծանոթանալ, չի կարող, օրինակ, նոր փաստաբան ներգրավել», - նշեց նա:

Պատգամավորն ասաց, որ եվրոպական փորձում նման մեխանիզմ չկա, չի էլ կարող լինել. եվրոպական փորձում կարող է լինել նշվածի բարեխիղճ իրացման մշակույթ:

«Այնտեղ դատարանները չեն կարող լինել արմենդանիելյանական բնույթի (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր-հեղ.)», - ընդգծեց Վարդևանյանը:

Նա հիշեցրեց մեկ օրինակ, երբ դատավորը որոշել է, որ պաշտպանական կողմը չպետք է ելույթ ունենա ու հեռացել է խորհդակցական սենյակ. այդ ժամանակ նշվածն ապօրինություն էր համարվում, բայց այս նախագծի պայմաններում նշվածն ապօրինություն չի համարվի:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ սա ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ առնչություն չունեցող նախագիծ է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարեց, թե Սամանադրական դատարանն ուսումնասիրել է այս նախագիծն ու բացասական պատասխան չի տվել:

«Մենք ի՞նչ ենք ասում՝ ասում ենք ժողովուրդ ջան, արդարադատության շահը պետք է ապահովվի, դատավորը պետք է ունենա հնարավորություն՝ ապահովելով կողմերի միջև մրցակցությունը, բոլոր դատավարական սկբզունքները, իրականացնել արդարադատություն, բայց եթե կողմերից մեկը չարաշահում է, դատավորը, դատարանը պետք է ունենա հնարավորություն՝ կանխելու չարաշահումները», - ասաց նա:

Վարդանյանը կոչ արեց հարգել դատական իշխանությանն ու չհիշատակել դատավորների անուններ. «Քաղաքականացվում է արդարադատութան իրականացումը»:

Արամ Վարդևանյանն էլ, ի պատասխան Վլադիմիր Վարդանյանի, ասաց, թե սպասում է, որ Վլադիմիր Վարդանայանը վաղը ՀՀ պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատական տված պաշտոնյանին հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի:

«Որ ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

  • Կիսվել: