Քննություն կա նաև Քննչական կոմիտեի ղեկավարի մասով. Ալեն Սիմոնյան
Քննություն կա նաև Քննչական կոմիտեի ղեկավարի մասով: Այս մասին Ազատության հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի ու Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ազատություն». - Ձեր բացակայության ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի և Ձեր կուսակից Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ եղավ. Արգիշտի Քյարամյանը ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել, պատգամավորը պահանջում է ապացուցել, հակառակ դեպքում պնդում է, որ դա խորհրդարանում պետք է հետևանքներ ունենա։ Համաձա՞յն եք Հովիկ Աղազարյանի հետ։
Ալեն Սիմոնյան. - Ես կարծում եմ, որ նախևառաջ մենք պետք է հասկանանք, որ չի կարելի ՔԿ-ին, ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ, ծանր ու հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների նկատմամբ անհարգալից լինել. Ես դա միանշանակ անընդունելի եմ համարում։ Եվ մենք այդ հարցը քննարկում ենք և կքննարկենք, կշարունակենք {«Քաղաքացիական պայմանագրի» ներսում}։ Մենք կարգապահական վարույթ ունենք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այն պատգամավորների նկատմամբ և այդ միջադեպի հետ կապված, որը կքննարկենք գալիք վարչության նիստերի ընթացքում։
Արդեն կա քննություն, ինչպես նաև քննություն կա Քննչական կոմիտեի ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում։
«Ազատություն». - Հնարավո՞ր է, որ այս դեպքում էլ, ինչպես արդարադատության նախարարի դեպքում, ՔՊ-ն ստորագրահավաք սկսի պաշտոնանկության հարցով։
Ալեն Սիմոնյան. - Բայց, ես այդպիսի խոսակցությունների ականատես չեմ եղել, այդպիսի բան չի քննարկվել, և չեմ կարծում, որ այդ երկու դրվագը պետք է իրար հետ համեմատվի։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը տեսանյութում.