շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քննարկվում է Փարաքարում նոր մարզադպրոցի կառուցման հարցը

Քննարկվում է Փարաքարում նոր մարզադպրոցի կառուցման հարցը

Քննարկման փուլում է Փարաքարում նոր մարզադպրոցի կառուցման հարցը: Համայնքի համար առաջնային կարևորություն ունեցող ծրագրի մեկնարկային աշխատանքների նպատակով Փարաքար էին այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը՝ հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
 
Անդրադառնալով ծրագրի իրականացմանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այն ամբողջությամբ ինտեգրվում է հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում: Նա միաժամանակ ընդգծել է, որ ծրագրի իրականացման փուլ տեղափոխումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ համայնքի հետ աշխատանքներից և համայնքի կողմից ձևավորվող նախաձեռնող խմբի որոշումներից:
 
Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ այս փուլում ծրագրային աշխատանքներով պայմանավորված բոլոր նախնական ուսումնասիրությունները կատարված են, սակայն բուն գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններից հետո՝ ՏԻՄ անդամների հետ անմիջական աշխատանքի արդյունքում:
 
Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն էլ իր խոսքում նշել է, որ ծրագրի իրականացման գաղափարը հասունացել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ Փարաքար կատարած այցի շրջանակում և փարաքարցիների հետ ունեցած քննարկման արդյունքում:
 
Ըստ նրա՝ Փարաքար համայնքի կարիքների գնահատման համար մարզպետարանում ձևավորել է աշխատանքային խումբ, որի օրակարգում այժմ մարզադպրոցի կառուցման հարցն է: 
 
Փարաքարի միջնակարգ դպրոցը նույնպես ընդգրկված է տարածքային զարգացման հիմնադրամի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և կառավարության համաֆինանսավորմամբ:
 
Դպրոցի նախագծումը գտնվում է ավարտական փուլում և մինչև տարեվերջ հիմնադրամի կողմից կհայտարարվի շինարարության մրցույթը: Կանխատեսվում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում շինարարական աշխատանքները կմեկնարկեն, որոնց արդյունքում համայնքը կունենա նոր սեյսմակայուն դպրոց: 
 

  • Կիսվել: