երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են նախարարությունների՝ 2020 թ. պետական բյուջեի կատարողականները

Քննարկվել են նախարարությունների՝ 2020 թ. պետական բյուջեի կատարողականները

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավորող և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների տարեկան կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանատվության ներքո նախատեսված 4 ծրագրերի շրջանակներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 171.2 մլրդ դրամ, ապահովվել 98.8 տոկոս կատարողական: Ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ նախարարության ծախսերն աճել են 4.1 տոկոսով կամ 6.6 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պետական պարտքի կառավարման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի աճով:

Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով 2020-ի ընթացքում պետական համակարգում տրված պարգևավճարների չափին, տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգում աշխատակիցների համար նախատեսված հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է: Նույն թվականին, ըստ հաշվարկային մեծության, 19709 մարդ զբաղված է եղել պետական կառավարման համակարգում, որոնց աշխատանքի վարձատրության համար նախատեսված է եղել 87.4 մլրդ դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշեց, որ 2020-ին նախարարության բյուջեն կազմել է 9 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 8.4 մլրդ դրամ:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ՝ «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրի իրականացման համար 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր 5.2 մլրդ դրամ: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է շուրջ 3.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 97.2 տոկոս կատարողական:

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի՝ 2020-ին կոմիտեին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ ծախսերը նվազել են 89.4 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ նախատեսված 12 ծրագրերի իրականացման համար հատկացվել էր 34.1 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ համավարակի կանխարգելման նպատակով, 20.8 մլրդ դրամ միջոցներ են հատկացվել ճգնաժամերի հակազդմանը և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանն ու վերացմանը միտված ծրագրի իրականացման համար: Կատարողականը եղել է շուրջ 82 տոկոս:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 22 ծրագրի իրականացման համար: 181 միջոցառման իրականացման համար հատկացվել է 207.9 մլրդ դրամ՝ նախատեսված 243 մլրդի դիմաց, կատարողականը կազմել է 85.6 տոկոս:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների պատասխանատուներն անդրադարձան կառույցների՝ հաշվետու տարվա գործունեությանը:

  • Կիսվել: