երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի միջև փոխգործակցության հարցեր

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի միջև փոխգործակցության հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ):

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Չնայած մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006 թվականին, սակայն դուք Սան Մարինոյի առաջին դեսպանն եք Հայաստանում, և լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու համագործակցությանը»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանն ասել է. «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ես շատ սիրեցի Հայաստանը և իմ ջանքերը կներդնեմ մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»:



Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի փոխգործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցեր:

 

  • Կիսվել: