ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկվել է պետկառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունը

Քննարկվել է պետկառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունը

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը:

Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Հանձնաժողովի անդամները քննարկել են զբոսաշրջային հոսքերի դինամիկան ու դրա ազդեցությունը ոլորտի կազմակերպությունների վրա:

Հանձնաժողովը արձանագրել է, որ մինչև մարտի 23-ը դասերը դադարեցրած ՀՀ պետական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի, ուսումնական ծրագրի բացթողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու նախաձեռնությունները ողջունվում են:

Կարևորվել է տեղեկատվական դաշտում կորոնավիրուսի մասին ճշգրիտ ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը ու այդ ուղղությամբ քայլերի էլ ավելի ակտիվացումը:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև պետական կառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունները, ինչի կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: