երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քննարկել ենք զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանն առնչվող հարցեր. Փաշինյան

Քննարկել ենք զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանն առնչվող հարցեր. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրին, որով պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները ներառվել են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում իրականացվող բուժօգնության ծրագրի մեջ: 
 
«Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքում էլ ծրագրի նպատակը ոչ միայն առողջապահական էր, այլև համոզված ենք, որ այսպիսի ծրագրերով ենք աջակցում Զինված ուժերին մարտունակության բարձրացման հարցում: Որովհետև երբ զինվորը, այսպես ասած, հետ չի նայում, թե իր հիվանդ ծնողի առողջապահական կարիքներն ինչպես պետք է հոգա կամ կհօգա արդյոք որևէ մեկը, դա փոխում է նաև հոգեբանական իրավիճակը: Այսօր այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև շատ է խոսվում, հասկանալի պատճառներով, Զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից կատարված աշխատանքներն ընդգծել են ոչ միայն սպառազինության ձեռքբերումը, ոչ միայն Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն սննդի նոր համակարգի ներդրումը, այլև առողջապահական ծրագրերը, որոնք շատ կարևոր են»:

  • Կիսվել: