կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը. Մարուքյանը՝ հայ ռազմագերիներին վերաբերյալ քննարկումը փակ անցկացնելու մասին

Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը. Մարուքյանը՝ հայ ռազմագերիներին վերաբերյալ քննարկումը փակ անցկացնելու մասին

Ազգային ժողովի պատգամավորների 1/5 առաջարկել է «Հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը» հրատապ թեմայով քննարկումը անցկացնել փակ նիստում։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ թեման շատ զգայուն է և վերաբերում է թե՛ ռազմագերիներին, թե՛ նրանց ըտանիքներին։

«Անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ճիշտ կլինի, եթե քննարկումը տեղի ունենա փակ»,-նշեց Մակունցը։

Էդմոն Մարուքյանը սակայն հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները փորձել են տապալել քննարկումը ԱԺ խորհրդի նիստում։

«Սակայն պարզվել է, որ չեն կարող տապալել, հարցը պետք է քննարկվի։ Ինչու են փորձել տապալել, որովհետև չեն ուզել, որպեսզի ելույթներ ունենանք այս թեմայով։ Երբ հասկացել են, որ չեն կարող տապալել, որոշել են փակ անել նիստը»,-նշեց Մարուքյանը և կոչ արեց ձեռնպահ մնալ քննարկումը փակ դարձնելուց։

Գևորգ Գորգիսյանը հայտարարեց․ «Հերիք է մեր քաղաքացիներին խաբեք, վախեցնեք ձեր ստերով»։

«Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը։ Արդյունքում որոշվեց քննարկումը փակ անցկացնել։

Այդ կապակցությամբ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց․ «Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը…

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։

Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»։

  • Կիսվել: