ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան

Քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ որոշ կարծիքներ են հնչում, որ շուրջ երկու ամիս տևող քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել օրինակ՝ տնտեսական ակտիվության վրա: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա հարցրեց, թե կառավարությունը մտահոգություններ չունի՞ արդյոք, թե ինչ ազդեցություն կարող է լինել ՀՀ-ում, և արդյոք մեր երկրում կա՞ նման փորձ, թե ընտրական գործընթացները սովորաբար ինչպես են ազդում:

Թունյանի հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ 2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի  նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Վարչապետը նշեց. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»:

Փաշինյանի խոսքով՝ քարոզարշավը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, ընդհակառակը՝ աշխուժացնող ազդեցություն կունենա. «Ինչպես երևում է, արտերում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն և մենք կարծես ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»:

Փաշինյանը կոչ արեց արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, այս ընթացքն օգտագործել և գալ: Նա ասաց. «Մանավանդ հիմա եվրոպական մի շարք երկրներից աներևակայելի ցածր գներով տոմսեր կարելի է գնել, իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են «ընտրական տուրիզմից» զերծ չմնալ և գալ ու դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսներն այստեղ զարգանում»:

Վարչապետը վստահեցրել է, որ քարոզարշավը չի կանգնեցնելու աննախադեպ չափի կապիտալ ծախսերը, որորնք պլանավորել է կառավարությունը:

  • Կիսվել: