չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել. Էդմոն Մարուքյան

Քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել. Էդմոն Մարուքյան

Մեծ հաշվով որևէ բան չեմ էլ ակնկալում, քանի դեռ հրադադարը չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդադառնալով Ժնևում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Պետք է ասեմ, որ խորհրդարանական ուժերը որևէ ձևով, որևէ խողովակով տեղեկացված չեն, թե ինչ է քննարկվելու, ես չգիտեմ՝ ինչ են բանակցում, որևէ տեղեկություն չունենք: Եթե չգիտենք՝ ինչ են բանակցում, հետևաբար, չգիտենք՝ ինչ ակնկալենք: Մեծ հաշվով որևէ բան չեմ էլ ակնկալում, քանի դեռ հրադադարը չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել»,- շեշտեց նա:

Նա նաև անդրադրձան սփյուռքում թուրք-ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացվող հարձակումներին՝ մեր հայրենակիցներին կոչ անելով զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է բերել բախումների։

«Երեկ ցավալի դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում, բողոքի ակցիա իրականացնող մեր հայրենակիցների վրա են հարձակվել, որից հետո երեկոյան ուշ ժամի Ֆրանսիայի մեծ քաղաքներում թուրքերը դուրս են եկել ցույցի՝ գոռալով՝ ո՞ւր եք հայեր: Սա կարող է բերել բախումների, չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր, ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է բերել բախումների»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հավելեց, որ Հայաստանը գործիք ունի դատական հայց սկսելու, և հույս հայտնեց, որ այդ գործիքը կօգտագործի և Ադրբեջանի դեմ դատական հայց է սկսելու՝ հենց հայատյացությամբ պայմանավորված՝ այս ամեն ինչը կազմակերպելու համար:

 

  • Կիսվել: