Քաղաքական ուժերը բողոքում են տարածքների վարձակալության բարձր գներից․ Փաշինյան
Մեր կուսակցությունն ու մյուս կուսակցությունները դժգոհում են, որ վարձավճարները բարձրացել են, և դժվար է տարածք գտնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը Մեծամորում տարածք չեն տրամադրում, իսկ դրա կողմնակիցների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
Նա վստահեցրել է, որ որևէ մեկի նկատմամբ ճնշում չի գործադրում։ «Ես ի՞նչ կապ ունեմ որևէ մեկի սեփականության հետ։ Ի՞նչ անեմ։ Ես որևէ մեկին չեմ ճնշում։ Գները բարձրացել են և շատ փող ունեցող մարդիկ են մասնակցում ընտրություններին, դրա արդյունքում շուկայում պահանջարկը մեծանում է, և գները բարձրանում են»,- հավելել է Փաշինյանը։
Ի պատասխան այն հարցին, թե ինչու է ինքը, տեսնելով, որ «Սուրբ Աննա» եկեղեցին լիքն է հավատացյալներով, որոշել անցնել մարդկանց միջով և հասնել մինչև խորան, և արդյոք դա սադրանքի չի հանգեցրել՝ նա պարզաբանել է, որ ոչ մի տեղ գրված չէ, թե ինքը խորանին մոտենալու իրավունք չունի։ «Ինչ վերաբերում է եկեղեցուն, այդ ամեն ինչը ուղիղ եթերում է եղել։ Ես, երբ-որ հասել եմ եկեղեցի մուտքի մոտ հերթ եմ կանգնել։ Մարդիկ դւրոս էին գալիս մի մասը, մի մասը մտնում էին, սպասել եմ դուրս եկողները դուրս են եկել և ես մտել եմ։ Ինչո՞ւ պիտի խորան չգնայի։ Որտե՞ղ է դա գրված, որ ես խորան չպիտի գնայի։ Տասնյակ մարդիկ դուրս էին գալիս, տասնյակ մարդիկ ներս էին մտնում․․․ մարդկանց անընդհատ հոսք կար»,- նշել է Փաշինյանը։


