կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքական մեծամասնությունը  ուղղակի արհամարհում է սահմանադրական կարգավորումները․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական մեծամասնությունը ուղղակի արհամարհում է սահմանադրական կարգավորումները․ Արծվիկ Մինասյան

Այսօր մենք մի իրավիճակի առաջ ենք կանգնած, որ բացահայտ ու շատ ակնառու կերպով քաղաքական մեծամասնությունը, ստորադասելով սեփական ներխմբային շահերը, ուղղակի արհամարհում է սահմանադրական կարգավորումները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ իշխանությունների նման ապօրինի վարքագծի վերաբերյալ արդեն  խորհրդարանական ընդդիմությունը նաև դիմում է ներկայացրել ՍԴ. «Այսօրվա  բողոքը մեր կողմից օգտագործվում է որպես նախազգուշական քայլ, որը որևէ ձևով չի նշանակում, որ մենք խուսափելու ենք  բոլոր տեսակի հարցերի քննարկումներից»,-հայտնեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ ընդդիմության կողմից բարձրացված հարցերն ավտոմատ տեղափոխվում են և իշխող մեծամասնությունը չի կարող այդ հարցերը քննարկման առարկա դարձնել, քանի որ եթե հիմնական զեկուցողները բացակայում են, ապա հարցի քննարկումը ինքնաշխատ եղանակով տեղափոխվում է: Մինասյանն ասաց, որ ընդդիմությունը հայտարարել է, որ բոլոր գործիքակազմերն օգտագործելու են և աստիճանաբար դրանք իրականացնելու են:

Նա տեղեկացրեց, որ արտահերթ նիստ գումարելու համար 28 պատգամավորի ստորագրություն էր պետք և նախորդ օրը քննարկումների ժամանակ դեռ ազատության մեջ էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը. «Սիսիանի պատգամավորը, որի հատվածի վրա այսօր ադրբեջանական զորքը շարված է, և արտահերթ նիստ հրավիրելու փաստաթուղթը ստորագրելուց հետո ստանում ենք տեղեկություն, որ Վերաքննիչ դատարանը՝ տխրահռչակ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ որոշել է փոխել որոշումը և կալանավորել Արթուր Սարգսյանին, ձեր կարծիքով այս իրավիճակում ընդդիմությունը պետք է մասնակցե՞ր այս ապօրինությանը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: