չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ պաշտոնյան ժամանեց Երեւան․ օրակարգում նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերը

ԵՄ պաշտոնյան ժամանեց Երեւան․ օրակարգում նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերը

Քաղաքական խորհրդակցությունների նպատակով Երևան է ժամանել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով տեղակալ Չարլզ Ֆրայսը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը։
Նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։
 
«Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկելու EUMCAP-ի (Եվրամության մոնիտորինգի ներուժը Հայաստանում) առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
 
Կողմերը կանդրադառնան նաև ԵՄ–ի` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։

  • Կիսվել: