Քաղաքական գործիչները ձախողվում են, երբ քաղաքացիներին դիտարկում են որպես ընտրազանգված. Սարգիս Խանդանյան
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ ժողովրդավարության լավագույն արտահայտումը մարդկանց հետ լավ հաղորդակցությունն է։
Սարգիս Խանդանյանն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։
Քննարկման մոդերատոր Գայանե Աբրահամյանը, դիմելով Սարգիս Խանդանյանին, նշել է՝ անցյալի փորձը ցույց է տվել, որ երկրները, որոնք ընտրում են ժողովրդավարության ուղին, պատերազմ են ստանում։ Նա բերել է Վրաստանի օրինակը 2008 թվականին, Ուկրաինայի օրինակը՝ 2014 թվականին՝ հարցնելով Խանդանյանին, թե ո՞րն է խորհրդարանների դերը ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում։
Խանդանյանը չի համաձայնել դիտարկման հետ, թե ժողովրդավարությունը պատերազմ է բերում։ «Ապացուցվել է, որ սխալ է այն նարատիվը, թե ժողովրդավարությունը պատերազմ է բերում։ Լավագույն ժողովրդավարությունը մարդկանց հետ լավ հաղորդակցությունն է։ Մենք պետք է մարդկանց հետ ավելի լավ հաղորդակցություն ապահովենք։ Երբեմն քաղաքական գործիչները ձախողվում են՝ քաղաքացիներին դիտարկելով որպես ընտրազանգված, բայց նրանք մեր լեգիտիմության աղբյուրն են, և մենք պետք է գնանք և խոսենք մարդկանց հետ։ Այն քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, որոնք ունակ են մարդկանց լսել և խոսել նրանց հետ, նրանք հաջողում են, և սա կապացուցվի նաև Հայաստանում մեկ ամսից։ Ես կարծում եմ, որ երբեմն կարևոր է դուրս գալ թվային տարածքից և ֆիզիկապես խոսել մարդկանց հետ»,- ասել է Խանդանյանը։
Խանդանյանը նշել է, որ ներկայում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում երիտասարդներն ավելի ու ավելի են հեռանում քաղաքականությունից և որոշումների կայացումից, ուստի շատ կարևոր է նաև երիտասարդների հետ խոսելը՝ հասկանալու, թե ինչ են նրանք մտածում իրենց կյանքի, ապագայի մասին, որպեսզի հնարավոր լինի տարվող քաղաքականությունները և նարատիվներն ադապտացնել նրանց առաջնահերթություններին։
«Սա, կարծում եմ, ամենադժվար մասն է։ Հայաստանում մենք ունենք շատ երիտասարդ քաղաքական գործիչներ, ինչպես տեսնում եք, բայց ես՝ որպես երիտասարդ քաղաքական գործիչ, մեղադրում եմ քաղաքական գործիչների նախորդ սերունդներին՝ հակամարտությունը և խնդիրները մեր ուսերին որպես բեռ թողնելու համար: Եվ հիմա մենք իրավունք չունենք նույնը անելու, ես չեմ ուզում, որ ապագա քաղաքական գործիչները մեղադրեն ինձ՝ խնդիրները նրանց չլուծված թողնելու համար»,- ասել է պատգամավորը:


