կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինը պարգեւատրել է Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի «Բարեկամության շքանշանով»

Պուտինը պարգեւատրել է Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի «Բարեկամության շքանշանով»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության զարգացման եւ ամրապնդման գործում մեծ վաստակի համար պարգեւատրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի «Բարեկամության շքանշանով»։

Պարգեւատրումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին։

Պարգեւատրումից առաջ հանդես է եկել Ռուսաստանի նախագահը, որն ընդգծել է Տիգրան Սարգսյանի վաստակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին չորս տարիների գործունեության ընթացքում։

«Հարգելի գործընկերներ եւ ընկերներ,

Ես պատվավոր առաքելություն ունեմ, պատվավոր պարտականություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին հանձնելու Ռուսաստանի բարձր պետական շքանշանը՝ «Բարեկամության շքանշանը»։ Բայց մինչ այդ կցանկանայի նշել, որ Տիգրան Սուրենովիչը ծանրակշիռ անձնական ավանդ է ներդրելԵվրասիական տնտեսական միության զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին 4 տարիների ընթացքում աշխատել է հարթ, առանց խափանումների, հաջողությամբ լուծել է ինտեգրացիոն օրակարգի բոլոր բարդ հարցերը»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

«Շատ բան է Տիգրան Սուրենովիչն արել այն բանի համար, որպեսզի ԵՏՄ-ն դառնա հիրավի արդյունավետ տնտեսական միավորում, մեծ ջանքեր է ներդրել Եվրասիական միության միջազգային հեղինակության բարձրացման համար, գործընկերային հարաբերություններ է հաստատել այլ պետությունների եւ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ։ Պարգեւատրումը «Բարեկամության շքանշանով» նաեւ Տիգրան Սուրենովիչի վաստակի գնահատումն է Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

«Աշխատելով պետական տարբեր պաշտոններում, այդ թվում ՀՀ Կենտրոնական բանկի եւ կառավարության նախագահ, նա մշտական ուշադրություն է նվիրել բազմապլան ռուս-հայկական համագործակցության ընդլայնմանը, մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը։ Եվ կցանկանայի ավելացնել ահա թե ինչ. Տիգրան Սուրենովիչը կարողացել է իր վերջին պաշտոնում, որից այժմ հեռանում է, ստեղծել շատ լավ աշխատանքային մթնոլորտ՝ բարյացակամ, պրոֆեսիոնալ։ Նա ցուցաբերել է համբերություն, չնայած այն բանին, որ հարցերը, որոնք ենթակա են եղել համաձայնեցման, ընթացել են ոչ թե պարզապես բավական սուր բանավեճերի շրջանակում, նա իր մեջ ուժ է գտել հանդուրժել այդ ամենը, կրկնում եմ եւս մեկ անգամ, ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի մենք գանք անհրաժեշտ ընդհանուր հայտարարի։ Տիգրան Սուրենովիչ, ես Ձեզ շնորհավորում եմ եւ ցանկանում ի սրտե առողջություն, բարեկեցություն եւ հետագա հաջողություններ»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը։

 

 

  • Կիսվել: