Պուտինը դեռ չի ծրագրում Էրդողանի հետ քննարկել Սլովակիա գազի մատակարարման հարցը. Պեսկով
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև զրույց Սլովակիա բնական գազի մատակարարման վերաբերյալ դեռևս չի ծրագրվում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է տեղի ունենալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարան դիմե՞լ է երկու նախագահների հեռախոսազրույցի խնդրանքով՝ Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Զրույց դեռևս չի ծրագրվում, սակայն Պուտինն ու Էրդողանը համաձայնեցնում են զրույցները բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում, ուստի անհրաժեշտության դեպքում այն կանցկացվի»։
Լրագրողները Պեսկովին նաև հարցրել են, թե Սլովակիան կկարողանա՞ ռուսական գազ ստանալ «Թուրքական հոսք»-ի միջոցով, ինչին Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է․ «Սա ավելի շատ մեր գազ մատակարարողների համար է, Գազպրոմի համար է՝ տեխնոլոգիայի առումով»։
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սլովակիան հայտնվել է ծանր վիճակում, և երկիր գազի մատակարարումների հարցը կքննարկի անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։