երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Պուտինը Արցախի մասին է խոսել, իսկ ՀՀ-ն ագրեսիայի ենթարկվել է, ամեն օր էլ ենթարկվում է. Արթուր Խաչատրյան

Պուտինը Արցախի մասին է խոսել, իսկ ՀՀ-ն ագրեսիայի ենթարկվել է, ամեն օր էլ ենթարկվում է. Արթուր Խաչատրյան

Հայաստանը ենթարկվել է ագրեսիայի, ադրբեջանյան զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում. այս իշխանությունները հույսը դրել են, որ ադրբեջանյան զորքերը Հայաստանից դուրս կգան սահմանազատման արդյունքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Երբ դա տեղի կունենա, արդյոք դա տեղի կունենա, իհարկե, պետք է դիմել բախտագուշակներին»,-ասաց նա:

Հարցին՝ ինչու է ՌԴ նախագահ Պուտինը հիմա հայտարարում, որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ինքը Արցախի Հանրապետության մասին էր խոսում: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքին, այո, Հայաստանը ագրեսիայի ենթարկվել է, եւ ենթարկվում է ամեն օր և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Թուրքիայի կողմից»:

Դիտարկմանը,՝ ՌԴ նախագահն այդ մասին չգիտի՞, չգիտի՞, որ 2021-ին եւ 2022-ին Հայաստանը ագրեսիայի է ենթարկվել, և ինչու ՀՅԴ-ն գնահատական չտվեց Պուտինի այդ հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Պետք է այդ հարցով դիմել Պեսկովին: ՀՅԴ-ն գնահատական չի տալիս ոչ Վլադիմիր Պուտինի, ոչ  Քիր Սթարմերի, ոչ Մակրոնի, ոչ Փեզեշքիանի հայտարարություններին: Մենք քաղաքական մարմին ենք, այլ ոչ թե արձագանքող ինչ-որ միավոր, բայց ցավոք սրտի մենք պետք է անդրադառնանք և նշենք, որ Ադրբեջւանի երազանքը՝ թշնամացնել Հայաստանին և Ռուսաստանին, իրականության դարձավ Նիկոլ Փաշինյանի օրոք»:

  • Կիսվել: