հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պրահայի և Սոչիի հանդիպումների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի 1991-ի օրենսդրությամբ․ Արարատ Միրզոյան

Պրահայի և Սոչիի հանդիպումների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի 1991-ի օրենսդրությամբ․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը։ Հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:

Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ:

Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021 թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022 թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022 թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ,- նշել է Միրզոյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդմանը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Միրզոյանը նշեց․

«Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:

Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ»: 

  • Կիսվել: