ՊՊԾ աշխատկիցներին ասացի՝ հիմք նշեք, այլապես լրագրողներին դուրս հանելն անհիմն է․ Հայկ Սարգսյան
Ես «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ասել եմ որ եթե դուք այստեղ եկել եք որպես հրավիրված անձիք, որպես քաղաքացիներ, ես ձեզ կպաշտպանեմ և չեմ թողնի, որ ձեզ դուրս հրավիրեն, որովհետև դրա իրավունքը որևէ մեկը չունի օրենքով սահմանված կարգով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպին, երբ ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս բերեցին «Ժողովուրդ» թերթի երկու լրագրողներին՝ հիմնավորելով, որ եթե լրագրողը ԱԺ մուտք է գործել պատգամավորի հայտով, ապա նա իրավունք ունի լինել միայն տվյալ պատգամավորի աշխատասենյակում։
«Առաջին փորձի ժամանակ, երբ ՊՊԾ աշխատակիցները փորձեցին նրանց դուրս հրավիրել, ես ասեցի, որ ներկայացրեք հիմքեր, այլապես նրանց դուրս հանելը անօրինական է և անհիմն է։ ՊՊԾ աշխատակիցները դուրս եկան։ Որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ ասեցին՝ դուրս եկեք և Քնարն ու Սոնան դուրս եկան նիստերի դահլիճից։ Եթե նրանք դուրս չգային և պահանջեին օրինական հիմքեր, վստահաբար նրանք կշարունակեին մնալ նիստերի դահլիճում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ նրանց քաշքշելով, թևերից բռնելով ուղղակի Ազգային ժողովից դուրս հանեցին, Հայկ Սարգսյանն ասաց. «Որպես լրագրող իրենց մուտքը Ազգային ժողով այս պահին սահմանափակված է և նրանք օրենքով իրավունք չունեն որպես լրագրող մուտք գործել Ազգային ժողովի տարածք: Դա օրենքով սահմանված կարգով սահմանված է: Նրանք պետք է ուղղակի ասեին, որ իրենք որպես քաղաքացի են եկել և շարունակեին մնալ նիստերի դահլիճում, ինչը ինձ համար անհասկանալի պատճառներով իրենք չարեցին, ու ստիպված դուրս եկան»։


