չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Խորը հիասթափված եմ, դուրս եկա քննարկումից․ Թագուհի Թովմասյան

Խորը հիասթափված եմ, դուրս եկա քննարկումից․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովում ընթանում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ դուրս է եկել քննարկումից՝ չցանկանալով մասնակցել հետա նիստին․

«Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցի ըստ էության պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է։ Նույնիսկ սահմանի երկայնքի չափը չի ասվում, ասում են՝ պետական գաղտնիք։ Սա ուղղակի արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ։ Ես պարզ հարցեր եմ հնչեցրել՝ ինչո՞ւ պատերազմից հետո կահավորված չեն Հայաստանի սահմանները, ի՞նչն էր մեզ խանգարում։ Երկրորդ հարց՝ ինչո՞ւ ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժն այն պայմաններում, երբ մենք պետք է ունենայինք դիմադրություն, առնվազն սահմանների պաշտպանություն։ Ինչո՞ւ է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին։ Ես իմ այս երկու հարցն ուղղեցի Կամո Քոչունցին, պատասխանը չստացա և դուրս եկա։

Այն վարքագիծը, որը նա դրսևորում է՝ ամեն ինչից կիսատեղյակ, կամ ձևանում է և խուսափում է կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխան տալուց։ Սա ուղղակի անիմաստ քննարկում է։ Փաստացի դեմարկացիա է տեղի ունեցել սահմանին, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները եկան, իրենք հենակետը դրեցին, հաստատվեցին։ Ինչի՞ հիման վրա է տեղի ունեցել դեմարկացիան, այս մարդը չի պատասխանում»,- լրագրողներին ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ այս նիստում որևէ պատգամավորի հարցի հստակ պատասխան չի տրվում։ Նա հավելեց, որ սա իշխանության հստակ տեսակետն է՝ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտալը։

Նշենք, որ փակ նիստում պատգամավորների հարցերին պատասխանում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

  • Կիսվել: