ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փորձ է արվել քննարկել ոչ սուր անկյուն առաջացնող դրական քայլերը. Ռուբինյանը՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին

Փորձ է արվել քննարկել ոչ սուր անկյուն առաջացնող դրական քայլերը. Ռուբինյանը՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին

Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական բանակցությունների թեմային անդրադարձավ նաև ճեպազրույցի ընթացքում:

ԱԺ փոխնախագահը հայտարարել է որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացում Հայաստանի ներկայացուցչի դիտարկմամբ՝ հետագա ընթացքը կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։

Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվել բովանդակային բանակցություններում, քանի որ, ըստ նրա, հայկական կողմը հետաքրքրված է խնդիրների լուծմամբ:

«Ես կարող եմ ասել այն, ինչ կա այս պահի դրությամբ. տեղի է ունեցել երկու ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի արդյունքներով երկու կողմերի արտաքին գործերի նախարարությունները տարածել են մամլո հաղորդագրություններ, որոնցում երկուսում էլ, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ, ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների:

Մեր առաջին հանդիպումը հիմնականում կրում էր ճանաչողական բնույթ, մտքեր ենք փոխանակել այն մասին, թե ինչպես ենք տեսնում գործընթացը, և տեխնիկապես մի փոքր բովանդակային և երկուստեք փորձ է արվել քննարկել ոչ սուր անկյուն առաջացնող այլ դրական քայլեր: Առաջին հանդիպումը գնահատում եմ կառուցողական»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բացել սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«ՀՀ-ն անկեղծ է իր այդ մոտեցման մեջ, և հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես նմանատիպ կառուցողականություն կցուցաբերի: Մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ: Դա առաջին հերթին սահմանի բացումն է: Մենք ասել ենք և ասում ենք հետևյալը՝ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել հարաբերությունների կարգավորմանը, ինչը ենթադրում է սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- անդրադառնալով Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջադրելու հնարավորության վերաբերյալ մտահոգություններին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նա նշեց, որ Հայաստանի որևէ իշխանության օրոք հայկական կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջադրված պայման, և այդ առումով ոչինչ չի փոխվել:

Անդրադառնալով Արցախի ինքնորոշման հարցին՝ Ռուբինյանը նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցն այլ ձևաչափում քննարկվող այլ հարթության հարց է:

«Դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաների բացման թեման քննարկվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահած հանձնաժողովում, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը առանձին հարց է»,- ընդգծեց նա:  

  • Կիսվել: