կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փոփոխություններ՝ ուղղված հանրային ծառայությունները կարգավորող մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը

Փոփոխություններ՝ ուղղված հանրային ծառայությունները կարգավորող մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը

ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և կից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի՝ մասնավորապես առաջարկվում է հստակեցնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները: Նախատեսվում է ամրագրել հանձնաժողովի գործունեության անկախության երաշխիքները և հանձնաժողովի անդամների լիազորությունները հստակ ամրագրող կարգավորումներ:

«Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում  նախատեսվել է «նախազգուշացում» տույժի տեսակը, որը գործող օրենքում  բացակայում է»,- տեղեկացրեց զեկուցողը: Նրա խոսքով՝ «Էներգետիկայի մասին» օրենքում հստակեցվում են հաստատուն սակագնային մեխանիզմների հետ կապված իրավասությունները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Ըստ նրա՝ փոփոխությունները միտված են բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը և թափանցիկությունը:

  • Կիսվել: