կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների ոլորտում․ Ֆինանսների նախարարություն

Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների ոլորտում․ Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը պետական գնումների ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության թիվ 526 որոշման մեջ լրացումներ է կատարել, որոնք ներկայացվել են հանրային քննարկման:

Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում կառավարելի դարձնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման հետ կապված ռիսկերը, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի։

Ակնկալվող արդյունքը

Գնման գործընթացների շրջանակում հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով,բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնումների, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկերի կառավարում։

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկության և դրա վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքների ամփոփման արդյունքում ձևավորված մոտեցման քննարկման անհրաժեշտությամբ։

Նշենք, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝  գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:  Այդ գնումների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի  23-րդ կետի 4-րդ ենթակետով։ Ընդ որում, եթե գնումն իրականացվում է մեկ անձից՝ նշված հիմքով, ապա գործող կարգավորումների համաձայն մասնակիցը հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում:

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, հիշյալ ցանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում մատակարարին՝

  • կանխավճարի տրամադրումը կիրականացվի կանխավճարի ապահովում ներկայացվելու դեպքում,
  • որակավորման և/կամ պայմանագրի ապահովումներ ներկայացնելու պահանջի կիրառումը յուրաքանչյուր դեպքում կորոշի պատվիրատուն։

  • Կիսվել: