Փոխնախարարը հերքում է իր առնչությունը ԱՕԿՍ-ն օֆշորային ընկերության վաճառելու քրեական գործին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են իմ անունը կապել ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ:
Խոսքը խորհրդային տարիներից հայտնի «Թիֆլիս» ռեստորանի տարածքի մասին է, որը սեփականաշնորհվել է դեռևս 1996 թվականին և առնչություն չունի «ԱՕԿՍ» ՀԿ-ի հետ: Այդ տարածքը ձեռք բերելու ժամանակ ես որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, բացի այդ, մինչ իմ կողմից նշված սեփականության ձեռքբերումը այն մի քանի անգամ արդեն վերավաճառվել էր, և գնումն իրականացվել է սեփականաշնորհումից 21 տարի անց` 2017 թվականին:
Խնդրում եմ այսուհետ այս թեմայով հրապարակումների ժամանակ առաջնորդվել բացառապես վերոգրյալ փաստերով»:
Նշենք, որ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։