ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ կվերադարձվեն ՀՀ տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվները․ Անդրանիկ Քոչարյանի հարցը՝ Ռուստամ Բադասյանին

Երբ կվերադարձվեն ՀՀ տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվները․ Անդրանիկ Քոչարյանի հարցը՝ Ռուստամ Բադասյանին

ՀՀ տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձի հարցն իրավապահների տիրույթում է, և իրենք կարող են կոնկրետ տեղեկություններ հաղորդել, թե ինչ ծավալի աշխատանք է եղել այս ընթացքում, սակայն վստահեցրեց, որ գույքերի տեղակայման առումով ակտիվ աշխատանքներ կատարվում են։ Այս մասին ԱԺ-ում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե այս փուլում  դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվել, արդյո՞ք մինչև այժմ կատարվել են այդ ակտիվների տեղակայման բացահայտմանն ուղղված գործողություններ։

«Քննված քրեական գործերի, ՊԵԿ-ի վարչարարության շրջանակում բացահայտվում են տարբեր սխեմաների կիրառումներ։ Ռիսկային են համարվում օվշորային կամ այնպիսի երկրները, որոնք 5-6 տարի առաջ համարվում էին օվշորային։Հիմա չեն համարվում օվշորային, բայց այնտեղ ևս կարող են տեղակայված լինել գողացված ակտիվներ։ Ռիսկայիններից, օրինակ, Բելիսը, Կիպրոսը, Վիրջինյան կղզիները և այլն»,- ասաց նախարարը։

Նախարարը նաև ներկայացրեց, թե ապօրինի գույքի բռնագանձման ինչ եղանակներ կան։ Նշեց՝ քրեադատավարական եղանակը և քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը։

«Քրեական դատավարության առավելությունն այն է, որ միջազգային համագործակցությամբ քրեական դատավարության շրջանակում ավելի հեշտ է ապացույցներ ձեռք բերելը, եթե խոսքն արտասահմանում գտնվող ակտիվների մասին է։ Միջազգային ավելի շատ պայմանագրեր կան, որոնց շրջանակում այդ համագործակցությունը հնարավոր է։ Այդ միջազգային պայմանագրերի կիրառման ավելի լայն պրակտիկա կա։ Երկրներն արդեն սովորել են դրան։ Կան կառույցներ, որոնք համակարգում են, օրինակ, Եվրոպական միության տարածքում համապատասխան դատախազական մարմինների միջև աշխատանքը»,- տեղեկացրեց նախարարը։

 

  • Կիսվել: