Փոխնախարար Մինասյանն անշարժ գույքի խոշոր սեփականատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից հունվարի 12-ին, օրերս լրացրած հայտարարագրում մեծածավալ գույք է ներկայացրել, գրում է hetq.am֊ը
Գ. Մինասյանը, ով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կրտսեր եղբայրն է, հայտարարագրել է 14 միավոր անշարժ գույք, որոնք ձեռք է բերել 2004-2020 թթ. ընթացքում:
14 միավոր գույք. Երեւան, Ծաղկաձոր, Բուլղարիա, Հունաստան
Մինասյանն ու կինը հաշվառված են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում: Կենտրոնում պաշտոնյան 7 միավոր անշարժ գույք է հայտարարագրել՝ 2 բնակարան, 3 ավտոտնակ, հասարակական նշանակության 1 շինություն եւ 1 ավտոկայանատեղի: Շենգավիթում էլ Գրիգոր Մինասյանը 2 բնակարան եւ 2 հատ ոչ բնակելի տարածք ունի բազմաբնակարան շենքում: Երեւանից դուրս պաշտոնյան 1 առանձնատուն է հայտարարագրել Ծաղկաձորում, ինչպես նաեւ 1-ական բնակարան Բուլղարիայի Սոզոպոլ եւ Հունաստանի Սալոնիկ քաղաքներում:
Անշարժ գույքերից 4 հատը (Ծաղկաձորի առանձնատունը, Սալոնիկի բնակարանը, Կենտրոնում գտնվող ավտոտնակ ու ավտոկայանատեղի) Գ. Մինասյանին պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով, մյուսները՝ որպես համատեղ կամ բաժնային սեփականություն:
Բոլոր գույքերը, բացի երեքից, Մինասյանը գնել է: Նշված երեք գույքից երկուսի ձեռքբերման եղանակը հայտարարագրում նշված է «այլ» տողի տակ: Դրանցից մեկը Կենտրոնում գտնվող բնակարան է (2004-ին ձեռք բերված գույքի նկարագրության բաժնում նշված է՝ Մյասնիկյանի շրջգործկոմի որոշում), մյուսը՝ ոչ բնակելի տարածք Շենգավիթի բազմաբնակարաններից մեկում, որը ձեռք է բերվել 2014-ին, նկարագրության մեջ էլ գրված է՝ համայնքի ղեկավարի որոշում: Այս վերջին պարագայում խոսքն, ըստ էության, 2014 թ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման մասին է, որով Արշակունյաց 49 հասցեում Մինասյանի կողմից ինքնակամ իրականացված նկուղն օրինական է ճանաչվել, ապա հասցե է ստացել: Նկատենք, որ 39-ամյա Մինասյանը 2013-2018 թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ ՀՀԿ խմբակցությունից: Նա նաեւ ՀՀԿ անդամ է եղել, չնայած այդ մասին արդարադատության նախարարության կայքում՝ փոխնախարարի կենսագրության բաժնում, այսօր խոսք չկա:
3 գույքից մյուսը, որ չի գնվել Մինասյանի կողմից, նրա բնակարանն է Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում, որը պաշտոնյան նվեր է ստացել 2012-ին:
Փոխնախարարի ծնողները նրան ու կնոջը ծովափնյա բնակարան են նվիրել
Բուրգասի շրջանի Սոզոպոլ քաղաքում, որը գտնվում է Սեւ ծովի ափին, Գրիգոր Մինասյանի ծնողները՝ բժիշկ Արա Մինասյանն ու Արմինե Հասրաթյանը (1962-1975 թթ. Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի դուստրն է), 2011 թ. օգոստոսին բնակարան են ձեռք բերել «Sozopoli Style Club» հյուրանոցում (հյուրանոցներում սեփականության իրավունքով բնակարաններ վաճառելը տարածված պրակտիկա է Բուլղարիայում, որի հիմնական նպատակը հավանական ներդրողներին գրավելն է):
Մանրամասները՝ այստեղ։