ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյան

ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյան

Գերիներին օդանավակայանում սպասող հարազատները ճանապարհ են փակում, ՊՆ են գնացել․ ըստ էության, ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին, իսկ այն այնպիսի ռիթմով պետք է աշխատի, որ մենք կորցրած կարողությունները կարողանանք օր առաջ վերականգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ գերիների վերադարձի չեղարկմանը։

«ՀՀ ամեն քաղաքացի մեզ համար պետք է դիտվի որպես կարևորագույն արժեք, որի հետևից բոլորս պետք է գնանք և լուծենք այդ խնդիրը։ Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է գնար։ Ինքնաթիռը կարող էր գնալ, բայց Մուրադովը չպետք է մեջը լիներ։ Իհարկե, խախտվել է ինչ-որ բան, այդ խախտման պատճառները կունենան այլ հարթությունում լուծումների այլ ձևաչափ։ Եթե պայմանավորվածություններ կան, դրանք տեղի են ունեցել նաև ՌԴ հետ, և ինքնաթիռը գնացել է՝ վարչապետի այցից անմիջապես հետո։ Ինչ-որ տեղից անընդհատ արտահոսքեր են կազմակերպվում, և ծնողներին անընդհատ ինչ-որ լարվածություն են փոխանցում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակն է հաստատել, որ գերիների վերադարձ է նախատեսվում, պատգամավորն արձագանքեց․

«Մանե Գևորգյանը հաստատել է դա, բայց ամբողջ մետրոլոգիան դրեք իրար կողքի, կտեսնեք, որ մենք գիտակցված, թե չգիտակցված, քաղաքական օրակարգի մեջ ներառել ենք գերիների հարցը, սրանից առաջ բանակն էինք ուզում բերել քաղաքականություն, հիմա գերիների հարցն ենք խաղացնում։ Գերիների հարցն ինչքան խաղացնենք քաղաքական նպատակներով, գերիների խնդիր չենք լուծելու։ Ես ինձ էլ եմ մեղադրում, տեսնում եմ, որ թերացումներ ունենք նաև մենք, և այդ թերացումները չպետք է պատճառ դառնան, որ դա դարձնենք խաղալիք հակառակորդի ձեռքին»,-ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերիների հարցը փակված է, պատգամավորն արձագանքեց, թե մինչև ԱԳ նախարար լինելը՝ այդ անձը կրթության նախարար է եղել, և Քոչարյանը չի կարծում՝ նրա ասածները բխում են իրողությունից։

«Ասում են՝ հրադադարից հետո, հատկապես Գյումրիի աշխարհազորայիններին, որոնք հայտնվել են իրենց տնօրինման տակ, չեն դիտարկում որպես ռազմագերի, դիտարկում են որպես ահաբեկիչներ։ Հիմա պետք է իրենց բացատրել, թե այդ խնդիրն ինչպես է առաջացել։ Չպետք է իրենց ճաշակով թելադրվի, այլ իրավական խնդիրների տրամաբանությամբ։ ԱԳ նախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ երբ ինչ-որ պայմանավորվածություն չի կատարվել, ստիպված ԱԳ նախարարն ասում է, որ նրանք ռազմագերի չեն, բայց երբ ինքնաթիռը գնացել է Մուրադովի ներկայությամբ, գնացել էր պայմանավորվածություններն ի կատար ածելու ճանապարհով»,-ասաց նա։

Հարցին՝ իշխանություններին կհաջողվի՞ լուծել գերիների վերադարձի հարցը, Քոչարյանն արձագանքեց․ «Դա չի կարող չլուծվել»,-նշեց նա՝ հավելելով, թե ժամկետ նշել չի կարող, քանի որ դա աշխատանք է, որը չպետք է լինի հրապարակային։

  • Կիսվել: