շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՊՆ-ի բացթողումը կա․ փոխնախարարը՝ զինվորականներից կազմված 19 հոգանոց լրտեսական ցանցի մասին

ՊՆ-ի բացթողումը կա․ փոխնախարարը՝ զինվորականներից կազմված 19 հոգանոց լրտեսական ցանցի մասին

Եթե ես ասեմ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կանչել են հարցաքննության՝ կարող եմ սխալվել, միգուցե որպես վկայի են կանչել, բայց թյուրընկալմամբ կհասկացվի, թե կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով զինվորականներից կազմված 19 հոգանոց լրտեսական ցանցի բացահայտմանը:

«Կարծում եմ, նախաքննությունն այդ հարցի պատասխանը կտա: Գոյություն ունի նախաքննական մարմին և ցանկալի է, որ այդ տեղեկատվությունները տրամադրեն նախաքննական մարմինները: Բնականաբար, այստեղ ՊՆ-ի բացթողումը կա, բայց առկա հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»:

Ճշտող հարցին, թե ցանցում եղե՞լ են բարձրաստիճան զինվորականներ՝ նա նշեց, որ եթե անգամ ունենա հստակ տեղեկատվություն այդ մասին՝ զերծ կմնա նման հարցի պատասխանելուց, որովհետև քննության ընթացքում հրավիրվել են ու նաև հրավիրվելու են բազմաթիվ զինվորականներ:

«Եթե նախաքննական մարմինը հարմար գտնի նման տեղեկատվություն հրապարակել, ապա անպայման բոլորին կիրազեկի»:   

Դիտարկմանը, թե ինչպես կորակի 300-400 դոլարով երկրին վերաբերող տեղեկատվությունը վաճառելուն՝ նա պատասխանեց. «Ամաչում եմ այդ որակումները տեսախցիկի առաջ արտահայտեմ, բայց չխախտելով անմեղության կանխավարկածը՝ եկեք որակումներ չտամ: Ամեն դեպքում, որպես հայ՝ ՀՀ քաղաքացի, թե չեմ կարող իմ մտքում եղած որակումները բարձրաձայն հայտարարեմ»:

  • Կիսվել: