ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետությանը պատճառված 308 մլն 652 հազար դրամ վնասն ամբողջությամբ վերականգվել է. ՔԿ

Պետությանը պատճառված 308 մլն 652 հազար դրամ վնասն ամբողջությամբ վերականգվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը)  և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Նախաքննության ընթացքում քննիչի կողմից իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000 քմ և 3500 քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010 թ. փետրվարին և 2011 թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308 652 000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: