Փետրվարին չեմ եկել, որովհետև ապացույցները ամբողջական չէին․ Արթուր Դավթյանը՝ Էդմոն Մարուքյանին
Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ եթե ընտրակաշառքներ բաժանելու մասին քրեական գործը հարուցվել է փետրվարին, ինչո՞ւ եք հիմա եկել։
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ փետրվարին չի եկել, քանի որ ապացույցները ամբողջական չեն եղել․ «Այդ ժամանակ որ գայի, կբարձրաձայնեիք հարցեր, իմ փաստարկները կլինեին շատ թույլ։ Որպեսզի ապացույցների բազա հավաքվեր, այս ընթացքում տեղի են ունեցել քննչական օպերատիվ ծավալուն գործողություններ»։
Ըստ գլխավոր դատախազի, նույնիսկ մինչև երեկ, միջնորդությունը մուտք անելու պահը ձեռք էին բերվում առանցքային նշանակություն ունեցող ապացույցներ։



