ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրախորհրդարանի բանաձեւը շատ կարեւոր է եւ արտահայտում է օբյեկտիվ իրողություն. Փաշինյան

Եվրախորհրդարանի բանաձեւը շատ կարեւոր է եւ արտահայտում է օբյեկտիվ իրողություն. Փաշինյան

Եվրոպական խորհրդարանի հունվարի 16-19-ը տեղի ունեցած լիագումար նստաշրջանի ընթացքում հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում» 2022 թվականի տարեկան զեկույցը, որը զեկուցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքքալիսթերը:

Ինչպես Կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի և Հայաստանի մասին:

«Մասնավորապես, զեկույցը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատվել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ բացասական հետևանքներ ունեցող ակցիա:

Վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից: 

Համոզմունք է արտահայտում, սա Եվրոպական խորհրդարանի անունից է բնականաբար, առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009 թվականի հիմնարար տարածքային ամբողջականության ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:

Մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների և անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:

Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները, ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը: Մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:

Ողջունում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է անում ԵՄ խորհրդին՝ ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:

Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ այն կարող է ստեղծել կանխամտածված մարդասիրական ճգնաժամ ԼՂ ժողովրդի համար, պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ փաստաթուղթն ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ, ըստ էության, արտահայտում է օբյեկտիվ իրականությունը, և պիտի նաև այս առումով շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, ՀՀ մեր այն գործընկերներին, որոնք  շարունակական հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրախորհրդի պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը այս ուղղությամբ և ի վերջո հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»,- ասաց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: