չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պետք է փորձենք ամեն գնով մինչև տարվա վերջ ունենալ խաղային օպերատոր. Բաբկեն Թունյան

Պետք է փորձենք ամեն գնով մինչև տարվա վերջ ունենալ խաղային օպերատոր. Բաբկեն Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծերի փաթեթը, որը վերաբերում է խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը, երկրորդ ընթերցմամբ քննարկման ռեժիմում փոփոխության է ենթարկվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 6-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովի երեկվա նիստին փոխել ենք նախագիծը, թե ձևը, [այն է՝] հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի, նաև հարկման բեռի առումով: Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազեցրել ենք մի քանի անգամ: Ինչի՞ համար. որովհետև ինչպես երեկ վարչապետը նշեց՝ անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկություններից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավելի մեծ լինել, քան այն եկամուտը, որն այդ ընկերությունները ստանում են»,- ասաց Թունյանը:

Հարակից զեկուցողը նկատեց՝ վերջին տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել թե՛ հարկման առումով, թե՛ այդ ոլորտի առջև տարբեր սահմանափակումներ դնելու առումով՝ սկսած գովազդի սահմանափակումից մինչև հաշիվների լիցքավորում:

Թունյանը նաև հույս ունի, որ կան կարգավորումներ, որոնք հնարավոր կլինի հնարավորինս արագ կյանքի կոչել, և խաղային օպերատորի գաղափարը պետք է այնպես անել, որ մինչև տարվա վերջ գործի:

«Այդ օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտի իրական շահառուների մասին, այլև թույլ է տալու իդենտիֆիկացնել առանձին այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն՝ լինեն թե՛ սոցիալապես անապահով մարդիկ, թե՛ պետական ծառայողներ, թե՛ զինծառայողներ: Մենք այսօր չենք կարող բուքմեյքերական ընկերություններին այդ ամբողջ ինֆորմացիան տալ»,- ասաց նա:

Ըստ Թունյանի՝ կարգավորոմները պետք է լինեն նաև այնպիսին, որ ոլորտը չունենա գերշահույթ, նաև չպետք է լինի այնպիսին, որ մարդկանց հոսքերը տեղափոխվեն օտարերկրյա կասկածելի կայքեր և ավելի մեծ վնաս տան, քան տալիս են տեղական կայքերը:

«Սա լուծում է ոչ թե խաղամոլության խնդիր, այլ արդարացի հարկման խնդիր»,- հավելեց Թունյանը:

  • Կիսվել: