շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի. Փաշինյանը՝ Վարդանյանի հայտարարության մասին

Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի. Փաշինյանը՝ Վարդանյանի հայտարարության մասին

Կարծում եմ՝ այդ հարցն ինձ չի ուղղված, դրանով պետք է գլխավոր դատախազությունը զբաղվի, որն իրավասու մարմինն է: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցներից մեկին, որտեղ նա նշել է, որ վարչապետի պաշտոնավարումը դադարեցնելու համար պետք է 100 քաղաքական մահապարտ, որոնք պատրաստ կլինեն մեռնել, որ երկիրն ազատեն այս չարիքից, այդ մարդիկ պետք է ռազմական ռեժիմով գործողությունների պլանը ձեւակերպեն ու գնան մինչեւ վերջ:

«Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմում դասալիքների հատուկ  ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար: Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել: Այսինքն ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ լ աշխատանքներ կանեն:

Երկրում տեղի է ունենում հետեւյալը. Մեր քաղաքական ուղեգիծը օրենքի գերակայությունը եւ օրենքի դիկտատուրան է: Դա մեր թեզն է, ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, որոնք օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում:

Առաջիկայում, կարծում եմ՝ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ շատ մանրամասն խոսակցություն կունենանք, այդ թվում քննիչ հանձնաժողովում եւ նաեւ մի շարք իրադարձությունների մասին: Եթե այդպես մահապարտների ջոկատներ կազմող էին, իրենք են ընդունել այն սկզբունքները, որոնցով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս: Դրսում ճանաչել են, եկել ներսում մահապարտների ջոկատներ են կազմել: Իսկ այդ ջոկատները ձեր նշած մարդու նման նախարարական կաբինետներում նստած  զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ: Ես կառաջարկեի այդ հարցին քաղաքական մեկնաբանություններ շատ չանել, դրան պետք է արձագանքեն իրավապահները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: